ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Բազմակողմ համակարգը ներկայիս վիճակով չի կարողանում կատարել իր դերը: Այս մասին ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարների արտահերթ վիրտուալ գագաթնաժողովում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհը բախվել է COVID-19 համավարակի կործանարար հետևանքներին, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Արևմտյան Ասիայի զինված հակամարտություններին, առևտրային և ներդրումային հոսքերի անկայունությանը, կլիմայական ծայրահեղ երևույթներին և կայուն զարգացման նպատակների իրականացման դանդաղեցմանը:
«Այս մարտահրավերների պայմաններում բազմակողմ համակարգը կարծես թե չի կատարում իր առջև դրված խնդիրը։ Այն, որ շատ լուրջ հարցեր անուշադրության են մատնված, անխուսափելիորեն անդրադառնում է գործող աշխարհակարգի վրա», - ընդգծել է նա։
Ջայշանկարը նշել է, որ բացի միջազգային տնտեսության կայունացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարունակվող հակամարտություններին, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են զարգացման և մատակարարման գլոբալ շղթաների վրա: Նա հավելել է, որ համաշխարհային տնտեսության առանցքային խնդիրներն այսօր առևտրային մոդելներն են և շուկաների հասանելիությունը:
«Կայուն առևտրի խթանման համար աշխարհին անհրաժեշտ են կառուցողական և համագործակցության վրա հիմնված մոտեցումներ։ Խոչընդոտների աճը և գործարքների բարդությունը ոչ մի օգուտ չեն տա: Չի օգնի նաև առևտրային միջոցառումները ոչ առևտրային հարցերի հետ կապելը։ ԲՐԻԿՍ-ը կարող է օրինակ ծառայել՝ վերլուծելով իր անդամ պետությունների միջև առևտրային հոսքերը»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Հնդկաստանն ակնկալում է մի շարք գործընկերների հետ առևտրային հարաբերություններում առկա դեֆիցիտի շուտափույթ կարգավորում։
Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային կառույցների գործունեությունը վերջին տարիներին լուրջ խնդիրներ է բացահայտել։ Նրա խոսքով՝ առանցքային հարցերում փակուղային իրավիճակները խաթարել են կոնսենսուսի որոնումը և ցույց են տվել բազմակողմ համակարգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը:
Ջայշանկարն ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն աջակցում են բարեփոխումների գաղափարին և կարող են դառնալ հզոր գործոն՝ հօգուտ անհրաժեշտ փոփոխությունների: