Փրկվածը, կամ Կապանի Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցին վերականգնվել է

Կապանի Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցին վերականգնվել է
Ամեն տարի գնահատում է արվում և առանձնացվում են այն հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն։ Որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարաններ զբոսաշրջային այցերից գոյացած միջոցներով։
Sputnik
Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնումն ավարտական փուլում է։ Մի քանի շաբաթից աշխատանքները կավարտվեն, և տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին գործող կդառնա։
Բարաբաթումը խորհրդային տարիներին առանձին գյուղ և բանվորական ավան է եղել, իսկ հիմա Կապանի վարչական տարածքի թաղամասերից է։ Սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի մանկությունն անցել է այս թաղամասում։ Ասում է՝ ինչ հիշում է, եկեղեցին կիսավեր էր, վերջին տարիներին առավել վթարային վիճակում էր հայտնվել։ Չնայած վթարայնության աստիճանին՝ բարաբաթումցիները շարունակում էին եկեղեցի այցելել, մատաղ էին անում, մոմ վառում։ Եկեղեցին վերականգնված ու գործող տեսնելը տեղացիների երկար տարիների երազանք էր դարձել։
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ամեն տարի գնահատում է արվում, առանձնացվում են առավել վտանգված և կարևոր հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը
«ՀՀ-ում ունենք շուրջ 700 վտանգված հուշարձան, որոնց թվում էր Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ 2021-2022թ․ արված լուսանկարներից երևում էր, որ պատերն ամբողջովին խարխլված են։ 2022թ–ին պեղմանը զուգահեռ սկսեցինք նախագծման աշխատանքները։ Ընդհանուր շուրջ 56 միլիոն դրամ է հատկացվել աշխատանքներին»,- ասում է Հովհաննիսյանն ու շեշտում՝ գումարը հատկացվել է ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից, որոնք գոյացել են արգելոց-թանգարաններ զբոսաշրջիկների այցերի արդյունքում (վաճառված տոմսերից գոյացած միջոցներ խմբ․)։
Կապանի Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցին չվերանորոգված վիճակում. Արխիվային լուսանկար
Քանի որ եկեղեցին բավականին անմխիթար վիճակում էր, նախքան պեղումներին անցնելը դրա արտաքին մասը մաքրվեց բուսաշերտից։ Եկեղեցու հյուսիսային մասում բացվեցին թաղումներ, որոնց տապանաքարերը կամ մահարձանները պահպանված չեն։ Թաղումներն ուղարկվեցին մարդաբանական ուսումնասիրությունների, իսկ պեղումներին հաջորդեցին եկեղեցու ամրակայման և վերականգնման աշխատանքները։
1 / 4

Կապանի Բարաբաթումի 17-րդ դարի եկեղեցին չվերանորոգված վիճակում

2 / 4

Վերանորոգման աշխատանքներ

3 / 4

Վերանորոգման աշխատանքներ

4 / 4

Վերանորոգման աշխատանքներ

«Եկեղեցու արևմտյան կողմի անկյունը լրիվ քանդված էր, պատերը շարվեցին, տանիք, քիվեր տեղադրվեցին։ Շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, հիմնականում ներքին աշխատանքներն են մնացել։ Պեղումներից գտնվել են հին եկեղեցու կամ շինության հետքեր, որոնք ուզում ենք ինչ-որ կերպ ցույց տալ, դիտարկում ենք թրծված ապակու տակ ցույց տալու տարբերակը»,- նշում է վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը՝ չբացառելով, որ եկեղեցին կարող էր կառուցվել է ավելի վաղ շրջանի մատուռի կամ որևէ սրբավայրի տեղում։
Վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը
Շինարար Ռազմիկ Ավետիսյանն էլ ասում է՝ ամեն անգամ եկեղեցի մտնելուց առաջ խաչակնքվում են, նոր գործի անցնում։ Այս տարիների ընթացքում տարբեր շինությունների վերականգնման ու կառուցման աշխատանքների է մասնակցել, բայց եկեղեցին տարբերվում է։ Այստեղ առանձնահատուկ վերաբերմունքով ես աշխատում, ավելի մանրակրկիտ և ուշադիր․ սրբավայրի հետ գործ ունես, ուստի ամեն քար իր տեղում պետք է դրվի։
Շինարար Ռազմիկ Ավետիսյանը
Բնակիչներն անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին, գալիս, գնում, հարցուփորձ անում, մոմ վառում, ոմանք էլ սպասում են եկեղեցու վերաօծմանը՝ երեխաներին մկրտելու կամ պսակադրվելու համար։