«Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց

Դատարանը քննիչի միջնորդությունը բանտային կալանքի մասով մերժել է, սակայն բավարարել է տնային կալանքի մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը Անդրանիկի կալանքը փոխարինել է տնային կալանքով։
«Դատարանը քննիչի միջնորդությունը բանտային կալանքի մասով մերժեց, բայց բավարարեց տնային կալանքի մասով։ Անդրանիկը 2 ամիս տնային կալանքի ներքո է լինելու։ Անդրանիկին արգելված է հաղորդակցվել որևէ մեկի հետ»,–ասաց Մելիքյանը։
Նշենք, որ Չամիչյանի 2–ամսյա կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8–ին։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։