Նոր պաշտոն ստացած Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրիկին հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր, անդրադարձ է արվել ընթացիկ աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում են նրա գրասենյակից։
«Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր, անդրադարձել ընթացիկ գործերին։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:
Հիշեցնենք` Կարեն Անդրեասյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել օգոստոսի 30-ին։ Այդ պաշտոնը թափուր էր 2025–ի մարտից, երբ Եղիշե Կիրակոսյանը որոշեց ազատման դիմում գրել։
Կարեն Անդրեասյանը 2011–16 թթ–ին եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, 2021–22 թթ–ին` ՀՀ արդարադատության նախարարը։
Նրա վերջին աշխատավայրը եղել է Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 2024 թ նոյեմբերի 18–ին` 2 տարվա պաշտոնավարումից հետո։
Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին հեռախոսային հավելվածով ուղարկված հաղորդագրությամբ «խնդրել է» հրաժական տալ, այլ ոչ թե հրահանգել, պարտադրել կամ հորդորել է, ինչպես տարածվել էր մամուլում։