Խոյի համայնքապետի ներգրավված լինելու մասին տվյալներ չկան. նախարարը` ոստիկան ծեծելու մասին

Արփինե Սարգսյանը չհերքեց, որ միջադեպ է եղել ու վստահեցրեց` հետամուտ են լինելու բացահատման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Մինչև այս պահը տեսախցիկների զննության և հարցաքննությունների արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ համայնքապետը ներգրավված է եղել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի կողմից ոստիկանին ծեծելու լուրերին։
«Հետագա վարույթի արդյունքների մասին քննչական կոմիտեն կիրազեկի։ Ուզում եմ, որ եթե որևէ անձ ներգրավված է լինում, հավատաք պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ կա վարույթ, և մենք հենվում ենք վարույթով ձեռք բերված տեղեկատվության վրա»,– շարունակեց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ ՆԳ նախարարը չհերքեց, որ միջադեպ եղել է և վստահեցրեց՝ հետամուտ են լինելու մանրամասների բացահայտման գործում։ Թե ինչ է սպասում ձերբակալվածներին, որոնց մեջէ նաև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբոր 16–ամյա որդին, Արփինե Սարգսյանը չպատասխանեց` նշելով, որ գործն արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։
Նախարարը հաստատեց․ սեպտեմբերի 3–ին Փարաքարում ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը
Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու եղբայրը Շահումյան գյուղում միջադեպի մասնակից են եղել ու ծեծել են ոստիկանության ծառայողի։