ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում բուժաշխատողի նկատմամբ բռնությունը կքրեականացվի։ Այս մասին այսօր պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը` ներկայացնելով նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ այս նախագծի համահեղինակներ էին նաև Արսեն Թորոսյանն ու Արեն Մկրտչյանը, սակայն նրանք հիմա տեղափոխվել են գործադիր մարմին։
«Այս նախագծի ընդունումը կարևոր եղավ այն ժամանակ, երբ սկսեցին հաճախակի դառնալ բուժաշխատողների նկատմամբ հարձակումները, գործունեությունը խոչընդոտելու դեպքերը»,– պարզաբանեց Հակոբյանը։
Ներկայացնելով նախագիծը` պատգամավորն առաջարկեց ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 187.1 հոդվածով` պատասխանատվություն սահմանելով բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը։
Առաջարկվում է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը պատժել տուգանքով` աշխատավարձի առավելագույնը 10–20–ապատիկի չափով կամ հանրային աշխատանքով` առավելագույնը 100–200 ժամ տևողությամբ, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամսից մինչև 2 տարի ժամկետով։
«Այս նախագծի համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցների հրապարակումները, թե ինչպես են քաղաքացիների կամ հիվանդների հարազատների կողմից բուժաշխատողները բռնության ենթարկվել։ Անգամ ունեցել ենք մահվան դեպք»,– ընդգծեց Հակոբյանը։
Նա ավելացրեց, որ 2023–2025 թթ. ՀՀ–ում, ըստ պաշտոնական տվյալների, բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել։
Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։