Պետությունը պարտվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին. «Հետք»

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը և չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։ Այս մասին հայտնում է «Հետքը»` նշելով, որ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Ըստ կայքի` Վերաքննիչ դատարանի դատավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը և Գոռ Թորոսյանը դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։
Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»
Գլխավոր դատախազությունից կայքին հայտնել են, որ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի վճիռի դեմ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։
Հիշեցնենք, որ 2022 թվականին ՀՀ դատախազությունը հայց էր ներկայցրել վարչական դատարան` վիճարկելու համար Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի («Սիլ պլազա» - խմբ.) սեփականաշնորհման օրինականությունը։