ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից առաջ ուժեղացրել է իր կազմը։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի չեմպիոնի կազմին է միացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։ 26-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել մեկ տարով՝ Շվեյցարիայի բարձրագույն խմբի «Սիոն» ակումբից վարձակալությամբ։
«Նա նշել է, որ Հայաստան է ժամանել մեծ նպատակներով և պատրաստ է թիմի հետ պայքարել հաջողությունների համար։ Ֆայուլուն Երևանի թիմում կխաղա 16 համարի մարզաշապիկով»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆայուլուի տրանսֆերային արժեքը, transfermarkt-ի գնահատմամբ, կազմում է 1 միլիոն 400 հազար եվրո, որը Հայաստանի առաջնությունում ամենաբարձրն է։ Մինչ այս ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը համարվում էր Տակուտո Օշիման՝ 1 միլիոն 200 հազար եվրո։