Հանրապետական մարզադաշտը պատրաստ է ընդունել Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին

Հանրապետական մարզադաշտը. Արխիվային լուսանկար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Պորտուգալիայի և Իռլանդիայի նախախաղային մարզումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում, որպեսզի խոտածածկը վերջնականապես վերականգնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը պատրաստ է ընդունել Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ վստահեցնելով, որ փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո վնասված խոտածածկը վերականգնվել է։ Ֆեդերացիան նշել է, որ ՈւԵՖԱ-ն «Հանրապետական» մարզադաշտը ներառել էր որակավորման խաղերի բարձր ռիսկային մարզադաշտերի ցանկում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ խոտածածկի վատ վիճակի պատճառով։
«ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը, երբ եկավ, ինքն էլ իր առաջադրանքները տվեց՝ թե որ օրն ինչ անենք։ Իսկ հիմա պատասխան եղավ, որ մարզադաշտը պատրաստ է խաղի»,– ասում է «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ–ի տարածած տեսանյութում։
Ըստ տնօրենի՝ խոտածածկը վերականգնելու համար 65 պարկ սերմ և տարբեր պարարտանյութեր են օգտագործել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Պորտուգալիայի և Իռլանդիայի նախախաղային մարզումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայում, որպեսզի խոտածածկը վերջնականապես վերականգնվի։
Հայաստանում Եվրալիգայի փլեյ-օֆֆի խաղն անցնելու է կարտոֆիլի դաշտում. Սերգեյ Ջանջոյան
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։
Հավելենք, որ Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6–ին, իսկ Հայաստան–Իռլանդիան` սեպտեմբերի 9–ին։