ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով լաբորատորիաների համար որակի կառավարման համակարգի ներդրման պարտադիր պահանջ է սահմանում։ Նախագիծը ներկայացվել է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովում։
«Մինչ օրս լաբորատորիաների լիցենզավորման համար գործող պահանջները հիմնականում վերաբերում էին կառուցվածքային ու տեխնիկական պայմաններին, սակայն չէին ներառում որակի կառավարման համակարգի ներդրման պարտադիր պահանջը։ Սա նշանակում է, որ հետազոտությունների բոլոր փուլերը՝ նմուշի վերցումից մինչև վերջնական արդյունքի տրամադրում, պատշաճ վերահսկողության չեն ենթարկվել»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ բացառություն են միայն այն լաբորատորիաները, որոնք արդեն իսկ ունեն միջազգային հավաստագիր կամ հավատարմագրում։
«Բոլոր այն լաբորատորիաները, որոնք չեն ունենա որակի ապահովման համակարգեր, նրանց լիցենզիան կկասեցվի այնքան ժամանակ, մինչև լրացնեն այդ բացը։ Մյուս փոփոխությունը լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրի ստեղծումն է, որը մեզ հնարավորություն կտա համապարփակ տվյալներ ունենալ ՀՀ-ում գործող լաբորատորիաների մասին»,– նշեց Նանուշյանը։
Նա հավելեց, որ նմուշ վերցնելուց մինչև վերջնական արդյունքի տրամադրումը պետք է լինի հսկողության տակ և հետագծելի, հակառակ դեպքում կարող են լինել շեղումներ։ Շեշտեց, որ օրենսդրությամբ սահմանված որակի կառավարման համակարգ չներդնելու դեպքում իրավական հետևանք կլինի։
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։