ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը անկուսակցական թիմակիցներին ընտրություններից առաջ ստիպում է անդամակցել ՔՊ–ին։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Նիկոլ Փաշինյանը հրովարտակ է իջեցրել թիմակիցներին՝ ով անկուսակցական է, կուսակցական դարձեք, եթե ուզում եք հաջորդ ընտրություններում տեղ ունենալ նախընտրական ցուցակում։ Իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, գաղտնիք չէ` առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանը և ՀՀԿ-ից արտագաղթած Շիրակ Թորոսյանը»,– գրել է թերթը։
Օրեթերթի տեղեկություններով` նախկին լրագրող Բաբկեն Թունյանը և 90-ականներից տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանը դարձել են կուսակցական:
ԱԺ պաշտոնական կայքում, ըստ օրաթերթի, նրանց կենսագրության մեջ հանվել է «անկուսակցական» տողը և «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունը։