ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն այսօր դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի յոթ շրջանների 11 բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով` Ռակիտյանսկի շրջանի Պրոլետարսկի ավանում սոցիալական օբյեկտի մոտ ԱԹՍ է պայթել, տուժել է երեք աշխատակցուհի։
Անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո նրանք կշարունակեն բուժումը ամբուլատոր հիմունքներով։
«Ռակիտնոյե ավանում FPV-դրոնի հարվածից բեռնատար ավտոմեքենայի կցորդը հրդեհվել է... Գրայվորոն քաղաքում դրոնը հարձակվել է կոմերցիոն օբյեկտի վրա... Շեբեկինսկի շրջանի Մուրոմ գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով կրակով ոչնչացվել է առանձնատուն և երկու տնտեսական շինություն: FPV դրոնի ևս մեկ հարձակման արդյունքում վնասվել է գյուղատնտեսական ձեռնարկության պահեստային տարածքի ճակատը։ Գյուղը նույնպես գնդակոծվել է»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Վալույսկի շրջանի Տուլյանկա գյուղում մասնավոր տունը դրոնով հարձակման է ենթարկվել, Օրեխովո գյուղում FPV-դրոնի հարձակման հետևանքով վնասվել են սեփական տան պատուհաններն ու ավտոմեքենան, իսկ Կուկուևկա գյուղում դրոնի պայթյունից վնասվել են ձեռնարկության սարքավորումները:
Մարզի ղեկավարի տեղեկություններով` Բորիսովսկի շրջանի Բերեզովկա գյուղի շրջանում FPV-դրոնը պայթեցրել է ճանապարհային ծածկույթը, Բելգորոդի շրջանի Նեչաևկա գյուղում դրոն է ընկել մասնավոր տան վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։