Հայ կանայք ջախջախում էին ճապոնացիներին, իսկ հայ քահանաները քարոզում էին Չինաստանում

Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումը 1945 թվականի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես նշանավորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Խորհրդային բանակի շարքերում 30 հազար հայ զինծառայող էր կռվում ճապոնական ճակատում: Այդ մասին` Sputnik Արմենիայի նյութում։
Sputnik
Եվրոպայում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ մայիսյան հաղթանակից հետո խորհրդային զորքերի մի շարք ստորաբաժանումներ տեղափոխվեցին Հեռավոր Արևելք: Դրանց շարքերում մեր հայրենակիցները ավելի քան երեք ամիս շարունակեցին մասնակցել Կվանտունյան բանակի դեմ ռազմական գործողություններին:
«Հայկ Թումանյանը Վեցերորդ գվարդիական տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ էր ։ Նա Անաստաս Միկոյանի կնոջ՝ Աշխենի եղբայրն էր: Նրա հրամանատարության տակ 1600 հայ էր ծառայում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը` պատմելով, թե այդ կարճ պատերազմի ընթացքում ինչպես հայ զինվորները մասնակցեցին Չինաստանի տարածքում մղվող մարտերին, ազատագրեցին Գիրին, Չանչուն, Շանհայ, Հարբին և այլ քաղաքներ։
Հայկ Թումանյանը Չինաստանում
Նա նշեց, որ Չինաստանում հայկական համայնքներ վաղուց են ձևավորվել, և ճապոնական օկուպացիայի տարիներին քահանաները եկեղեցիներում համարձակ քարոզներ էին կարդում: Չինաստանում հայկական եկեղեցիները գործում էին Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության հովանու ներքո: 1930-ական թվականներին Շանհայ ուղարկվեց աբեղա Ասողիկ Վարդապետը: Այդ ժամանակ այնտեղ բազմահազարանոց հայկական համայնք կար:
«Ճապոնացիները հայ քահանաներին հալածում, կալանավորում և աքսորում էին անհնազանդության կոչերի համար։ Նրանք գիտեին, որ Խորհրդային Հայաստանը պայքարում է ֆաշիստական Գերմանիայի դեմ, որը դաշինք ուներ Ճապոնիայի հետ», – նշում է մեր զրուցակիցը։
Մեկ այլ հայ պատմաբան՝ Լուսինե Կոստանդյանը, բաց աղբյուրներում նշում է, որ խորհրդային ամենամեծ ստորաբաժանման՝ Անդրբայկալյան ճակատի հաջողությունները մեծապես կապված էին 12-րդ օդային բանակի գործողությունների հետ, որի հրամանատարը ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովն էր (Արմենակ Խանփերյանց): Այն ներառում էր 13 օդային դիվիզիա, որոնց ինքնաթիռները ավելի քան 5000 մարտական թռիչք կատարեցին: Հատուկ ընդգծվում է, որ Խանփերյանցն առաջինն էր, որ մշակեց և կիրառեց թշնամու օդանավակայաններում դեսանտ իջեցնելու մարտավարությունը: 12-րդ օդային բանակում ավելի քան 300 հայ էր կռվում:
Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)
Լուսինե Կոստանդյանի հետազոտություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հեռավոր Արևելքի 1-ին ռազմաճակատի 352-րդ զենիթահրետանային գնդի շարքերում կռված հայ կանանց մասին տեղեկությունները: Գունդը ստեղծվել էր 1942 թվականի աշնանը Բաթումում: Շարքային կազմն ամբողջությամբ համալրված էր 504 հայուհիներով, որոնք զորակոչվել էին Հայաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես նաև Վրաստանից: Գնդի ամբողջ անձնակազմն արժանացավ «Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալի:
Ովքեր են Հայրենական մեծ պատերազմի հայ մարշալները