ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ անմասն մնալ Սիրիայում տիրող իրավիճակից և կշարունակի աջակցել Դամասկոսին:
«Մենք ուզում ենք, որ հարևան Սիրիայում կայուն բարեկեցություն և խաղաղություն հաստատվի։ Մենք գնահատում ենք նրա միասնականությունն ու ամբողջականությունը։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սիրիայում անկայունությունն առաջին հերթին մեզ վրա է անդրադառնում։ Այդ պատճառով մենք աչք չենք փակի սիրիական տարածքում անկարգություններ առաջացնելու փորձերի վրա, և Դամասկոսում կառավարությունը նույնպես դա թույլ չի տա»,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը Չինաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցում էր ՇՀԿ գագաթնաժողովին։
Էրդողանի խոսքով` Սիրիայում քաոսի ձգտող բազմաթիվ ուժեր են գործում, և նրանց շահերը հայտնի են»:
«Մենք Սիրիային մենակ չենք թողնի, մշտապես աջակցություն կցուցաբերենք։ Ոչ ոք չի կարող խանգարել նրան նորից ոտքի կանգնել։ Քաոսի մեջ ներդրումներ կատարողները պարտվելու են: Իսկ սիրիացի ժողովուրդը` արաբները, քրդերը, թուրքմենները, նուսայրիները, սուննիները կամ քրիստոնյաները, հաղթող են դուրս գալու։ Ով կփորձի խանգարել դրան, պատասխանատվություն կկրի»,-ընդգծել է նա։
Սիրիայում իրավիճակը սրվել էր 2024 թվականի նոյեմբերի վերջին, երբ ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին կառավարական զորքերի դիրքերի վրա։ Արդեն դեկտեմբերի 8-ին նրանք մուտք գործեցին Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և վայր դրեց լիազորությունները։ Հունվարի 29-ին անցումային վարչակազմի ղեկավար հայտարարվեց Ահմեդ աշ-Շարաան։