ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ «Արցախի կանչ» հուշահամալիրը դառնալու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլև բոլոր հայերի համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Վստահ է, որ հուշահամալիր կայցելեն ոչ միայն հիշատակի տարբեր օրերին, այլև տոներին, անգամ՝ հարսանիքների ժամանակ։ Նա շեշտեց՝ դժվար է խոսել մի վայրում, որտեղ հանգչում են հերոսներ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններ ունենալու համար։
«Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունն այն է, որ Արցախը ոմանց համար համարվում էր թոկ ՀՀ վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանային հնարավորություն Հայաստանի անկախություն, ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասաց Շահրամանյանը։
Ընդգծեց՝ «Եռաբլուրում» հանգչող հերոսներից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի, սակայն այսօր հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։
Ամփոփելով իր խոսքը՝ Արցախի նախագահն ընդգծեց, որ միշտ պետք է մտքում պահել Արցախ վերադառնալու հավաքական երազանքը, ու այն մի օր իրականություն է դառնալու։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։