ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութ

Նախօրեին Փաշինյանն ու Էրդողանը կարճ շփում են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին Փաշինյանն անձամբ է հայտնել՝ տելեգրամյան իր ալիքում հրապարակելով հանդիպման մեկնարկի կադրերը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը «ոտքի վրա» շփվել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Կարճ շփման տեսանյութը սոցցանցում հրապարակել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը կրտսեր դստեր՝ Արփիի հետ ուղեկցում է ամուսնուն։
Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութ
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: