ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ոչ մի կապ չունի Բուլղարիա ուղևորված ինքնաթիռի նավիգացիոն համակարգում առաջացած խնդիրների հետ, որում գտնվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Financial Times (FT) թերթին տված մեկնաբանության մեջ։
«Ձեր տեղեկատվությունը սխալ է», - հայտարարել է Պեսկովը:
Նախօրեին Պլովդիվի օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր ֆոն դեր Լյայենի ինքնաթիռը, արձանագրվել էին խոչընդոտներ, որոնց հետևանքով անջատվել էին GPS նավիգացիայի էլեկտրոնային միջոցները:
Վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին, որը չի հայտնել իր անունը, թերթը հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունները կատարվածը կապում են «ռուսական միջամտության» հետ։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում նախատեսվածից մեկ ժամ անց. թերթի տվյալներով` օդաչուներն օգտագործել են թղթային քարտեզներ։