Շոգ է, սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում. զգուշացում

Ազգային կենտրոնը զգուշացնում է և տալիս մի շարք խորհուրդներ` խուսափելու համար ուլտրամանուշակագայուն ճառագայթների տված վտանգավոր հետևանքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանում շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված սեպտեմբերի առաջին օրերին բոլոր միջոցառումները պետք է կազմակերպել շենքերի ներսում։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Նշվում է, որ զգուշացումը պայմանավորված է օգոստոսի 30–31–ին, սեպտեմբերի 1–3–ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով։
​​​​«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։ Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն»,– նշել են կենտրնից։
Այդ իսկ պատճառով ՀՎԿԱԿ–ը մի շարք խորհուրդներ է տալիս.
Խուսափե՛լ արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ճառագայթման ինտենսիվությունն այդ ժամերին առավելագունն է։
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման դնել գլխարկ, ցանկալի է` լայնեզր:
Օգտագործել արևապաշտպան քսուկ:
Կրել արևային ակնոց։
Օգտագործել հնարավորինս շատ ջուր։
Նախապատվությունը տալ դյուրամարս սննդամթերին, խուսափել կծու, թթու օգտագործելուց։
Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն