Այդ հարցը խանգարում է Փաշինյանի խաղաղության հեքիաթին. Աշոտյանը` ռազմագերիների մասին

ՀՀԿ փոխնախագահը համոզված է` երկրում իշխանափոխության դեպքում միանշանակ հնարավոր կլինի շատ հարցեր լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեցող հարց է։ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության շենքի մոտ միայնակ լուռ բողոքի ակցիայից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այդ հարցը խանգարում է իր հեքիաթին, խաղաղության իր կեղծ դարաշրջանի քարոզչությանը, քանի որ ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք Բաքվի և Երևանի բանտերում իրենց քաղաքական կարծիքի, ազատության համար բանտարկված մեր հայրենակիցներին, Նիկոլ Փաշինյանի հորինած խաղաղությունը փշրվում է հազարավոր բեկորների, և այդ բեկորները որևէ կերպ աղերս չունեն իրենց կողմից մատուցվող հեքիաթային իրականության խոստումների հետ»,– հայտարարեց Աշոտյանը։
Հարցին, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ջանք չեն խնայում ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակով ներկայացնելու այս հարցը, Աշոտյանն արձագանքեց` ասելով` եթե անգամ դա այդպես է, 5 տարի շարունակ Փաշինյանը ոչինչ չի արել։
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին
«5 տարի շարունակ ունենք ռազմագերիներ, Ադրբեջանը չի կատարել 2020 թ. նոյեմբերի 9–ին ստանձնած պարտավորությունները։ Եթե Փաշինյանը 5 տարի փորձում է ու իր մոտ չի ստացվում, ապա նա մի քիչ պետք է բարոյականություն, մի քիչ ինքնասիրություն, մի քիչ թասիբ, մի քիչ մարդու տեսք ունենալու համար վաղուց հրաժարական տար` ասելով` ժողովո՛ւրդ, ինձ մոտ չի ստացվում, թող գան մարդիկ, որոնք ավելի լավ կանեն սա»,– ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա համոզված է` երկրում իշխանափոխության դեպքում միանշանակ հնարավոր կլինի շատ հարցեր լուծել։
«Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցները հանկարծ չվարակվեն Նիկոլի կողմից սրսկվող այս հոռետեսությամբ, թե իբր ոչինչ փոխել հնարավոր չէ. ամեն ինչ հնարավոր է փոխել, թեև ամեն ինչ այս պահին հնարավոր չէ հետ բերել, սակայն կանխել Հայաստանի անկումը, հնարավոր է։ Օրինակ` հնարավոր է մեր հայորդիներին Բաքվի բանտերից հետ բերել, պատասխանատվության կանչել Ադրբեջանի ռեժիմին` հակամարդկային, մարդկության դեմ գործած ոճիրների, էթնիկ զտումների, ցեղասպանության համար, պատասխանատվության կանչել դավաճաններին, որոնք բերել են այս պատերզամը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց, որ բերել է այս պատերազմը` իմանալով` ինչ է անում»,– հայտարարեց Աշոտյանը։
Վերջում նա մեջբերեց աստվածաշնչյան խոսքերը` «Ներիր նրանց, հայր, քանի որ չգիտեն` ինչ են անում», սակայն այս դեպքում նա նշեց, որ դիմում է Աստծուն, որ չների նրանց, քանի որ նրանք գիտեին, թե ինչ են անում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: