ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը արտատարածքային միջանցք չի առաջարկել Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրում ամրագրված «Թրամփի ուղու» իրականացման հարցում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ դրույթները հիմնարար դրույթներ են, որոնք համաձայնեցվել են Վաշինգտոնի հռչակագրից դեռ երկու տարի առաջ։ Դրանք համաձայնեցվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Նրա խոսքով` ռուսական կողմը «Թրամփի ուղու» վերաբերյալ մանրամասների չի տիրապետում, բայց որքանով կարելի է հասկանալ, ուղևորների և բեռների տարանցման, երթևեկության անվտանգության վերաբերյալ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։
Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հնարավոր է եղել կոնկրետ համաձայնությունների հասնել Սյունիքի տարածքով երկաթուղային տարանցման, էլեկտրոնային մաքսային հսկողության համակարգերի, մասնավորապես՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ։ Դրանց կիրառումն այժմ ակտիվորեն փորձարկվում է երկկողմ առևտրում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր տարածքը հաշվի առնելով՝ արտատարածքային ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը տեսնում է, թե որքան անհուսալի տեղեկատվություն է շրջանառվում այս թեմայի վերաբերյալ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։