Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Չինաստանում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ալթայում. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
«Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ»,– ասված է որոշման մեջ։
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՇՀԿ-ի շրջանակում պլանավորվել են շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայտնել էինք նաև, որ Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։