ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է գրանցվել` 63 ամյա Արտաշես Վարդանյանն է մահացել։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Բեգլարյանը։
«Արտաշես Վարդանյանը երկար ժամանակ բողոքում էր իր առողջական վիճակի վատթարացումից, սակայն, ցավոք սրտի, այդ բողոքները համապատասխան կերպով չէին արձագանքվում` նրան չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Բողոքների անտեսումը և համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այն ողբերգական արդյունքին»,– գրել է փաստաբանը։
Բեգլարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` կոչ անելով լիարժեք քննություն անցկացնել` Արտաշես Վարդանյանի մահվան պատճառները պարզելու համար։ Էրիկ Գրիգորյանի կարծիքով` կարևոր է հասկանալ`արդյոք քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցների կողմից եղել են անգործության դեպքեր, անփութություն կամ իրավական պարտականությունների չկատարում։
Sputnik Արմենիային Քրեակատարողական ծառայությունից պարզաբանեցին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 1962 թվականին ծնված կալանավորված անձը մահացել է հիվանդանոցում։
«Ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական հաստատություն։ Ժամը 23։58-ին արձանագրվել է Ա․Վ․-ի կենսաբանական մահը»,– ասաց Քրեակատարողական ծառայության հասարակայնություն և լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Մահացածը դետապարտվել էր ՔՕ 399 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու համար։ Այն է` թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի, դրանց համարժեք նյութի (անալոգ) կամ դրանց ածանցյալի մաքսանենգությունը՝ ԵԱՏՄ սահմանով կամ ՀՀ պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: