Լևոն Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության հետքերով հանցագործության մասին հաղորդում է տվել

ԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. Արխիվային լուսանկար
Լևոն Զուրաբյանը մեջբերել է համապատասխան հոդվածները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ մասին նա հայտնել է իր սոցցանցում։
Նշենք, որ երեկ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։
Զուրաբյանը մեջբերել է ՀՀ Սահմանադրության հոդված 42–ը, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:
«Նիկոլ Փաշինյանի սույն հայտարարությունը իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ: Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ»,–գրել է Զուրաբյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 441–ը պատիժ է սահմանում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու դեպքում։
Հավելենք, որ Փաշինյանն այդպես էր ասել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասին Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ Նիկոլ Փաշինյանը թեման եզրափակեց՝ հայտարարելով, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ն հաղթել է` պնդելով իր դիրքորոշումը։
ՀԷՑ-ի ազգայնացումը քաղաքական խոսույթ է՝ իրենց ընտրազանգվածի համար․ Ղազինյան