ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ոչնչացրել է Գազայի հատվածում «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման մեջ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող ահաբեկչին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«ՑԱԽԱԼ–ը ոչնչացրել է Գազայի հատվածում ԻՊ ահաբեկչական կազմակերպության պաղեստինյան թևի ղեկավար Մուհամմեդ Աբդ ալ-Ազիզ Աբու Զուբեյդային Բուրեյջ շրջանում (Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբար)», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ բանակի մամուլի ծառայության` Աբու Զուբեյդան բարձր պաշտոն էր զբաղեցնում Գազայի հատվածում ԻՊ ահաբեկչական կազմակերպությունում և Հրեաստանում և Սամարիայում (Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական անվանումը. խմբ.), Գազայի հատվածում և Սինայի թերակղզում ԻՊ ահաբեկչական կազմակերպության քաղաքականության մշակման, գործունեության պլանավորման և վերահսկման պատասխանատուն էր։
«ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ մարտական գործողություններում, ինչպես նաև ռազմական տեխնիկայի տեղափոխման և Հրեաստանից ու Սամարիայից Գազայի հատված ահաբեկչությունը ֆինանսավորելու համար զգալի միջոցների հավաքագրման հարցում», – ասված է հաղորդագրությունում։
Իսրայելցի զինվորականները վստահեցրել են` ՑԱԽԱԼ–ը կշարունակի պայքարել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: