ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին որոշման (այն ընդունելու դեպքում) կատարմանը ուղղությամբ վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս: Այս մասին РБК-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է կատարել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի դրույթները:
Լուկաշևիչի խոսքով՝ խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է:
«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության մասին` հիմքեր չենք տեսնում դրանց լուծարմանը խոչընդոտելու համար»,-հայտարարել է դիվանագետը:
Ինչպես նշել է Լուկաշևիչը, Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է. ԵԱՀԿ Մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների գլխավոր տնօրինող մարմինը) կազմակերպության անդամներին խորհուրդ է տվել «լուռ համաձայնությամբ» հաստատել այդ հարցի վերաբերյալ նախարարական որոշումը․ եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք առարկություն չհայտնի խմբի լուծարման վերաբերյալ, որոշումը կհամարվի ընդունված:
«Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ որոշման կատարման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ում ակնկալում են դրանք ավարտել այս տարվա դեկտեմբերից ոչ ուշ։ Դրանից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար, պետք է դադարեցնեն իրենց գոյությունը»,-ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Դիվանագետը հստակեցրել է, որ խումբը նախատեսում են վերջնականապես լուծարել 2025 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք` օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը։ Փաստաթղթի տակ ստորագրություն դրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հռչակագրի 2-րդ կետում նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում են ստորագրել, երկրների ղեկավարները կոչ են անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է, ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով: Դրա համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ կազմի մեջ էին մտնում նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Խմբի հիմնական խնդիրն էր կազմակերպել բանակցություններ և պատրաստել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի դերը փաստացի վերացավ։ 2022 թվականից, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, նրա գործունեությունը սառեցվել է, իսկ համանախագահների միջև շփումները դադարել են։