Լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրգործ է հարուցվել, 4-8 տարի ազատազրկում է սպառնում

Դատարան
Խափանման միջոցն ընտրվել է բացակայելու արգելքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան 4-8 տարի ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հայտնել էինք, որ 2025 թվականի հունիսի 16-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը տեսախցիկների առջև հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։ Միջադեպից կարճ ժամանակ անց միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
«Լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը հարցաքննության ընթացքում մեղքը չէր ընդունում, բայց այսօր տեղեկացանք, որ վարույթի ավարտ են հայտարարել, ընդ որում, վարույթը ոչ թե կարճվել է, այլ այն ուղարկել են դատարան։ Օգոստոսի 26-ին ոստիկանին մեղադրանք են առաջադրել 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով, այսինքն՝ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնությամբ»,–ասել է Մելիքյանը` նշելով, որ սա առաջին ծիծեռնակն է։
Նա տեղեկացրել է, որ գործն ուղարկում են դատարան։ Խափանման միջոցն ընտրվել է բացակայելու արգելքը։
«Ոստիկաննե՛ր, ձեզ թվում է՝ ինչ ուզեք, կանե՞ք։ Ձեր դեպքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը չի գործում, երկար տարիներ «սռոկ» վերցնելու ճանապարհ մի՛ բռնեք»,–ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ լրագրողին ոստիկանության աշխատակցի հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):