ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկվել։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Վաշինգտոնում Սահմանադրության հարց չի քննարկվել։ Մենք այդ թեմայով որևէ պարտավորություն չունենք երրորդ երկրների առջև»,– ասել է Միրզոյանը:
Նա ընդգծել է` վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվում։
«Այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը մեր Հայաստանի տարածքով, պատկանելու է Հայաստանին»,– ասել է նախարարը։
Նա նշել է` Հայաստանի սուվերեն տարածքներ կան, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։