ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը գրեթե ամբողջությամբ արդիականացվել են, դրանք չեն թուլացել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի
ռազմավարական զսպման և միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ Էնդրյու Գեբարան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը գրեթե ամբողջությամբ արդիականացված են», - Միտչելի ինստիտուտի միջոցառման ժամանակ ասել է Գեբարան՝ նշելով, որ այդ ուժերն արդիականացվում են արդեն երկար ժամանակ։
Նա հավելել է, որ Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը չեն թուլացել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միջուկային եռյակը, որը եղել և մնում է Ռուսաստանի ինքնիշխանության երաշխավորը, առանցքային դեր է խաղում աշխարհում ուժերի հավասարակշռության ապահովման գործում, և դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել: