ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Թեհրանում մասնաճյուղ բացելու համար ՎՏԲ բանկը ստացել է Իրանի Կենտրոնական բանկի պաշտոնական թույլտվությունը: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է բանկի վարչության անդամ Օլգա Բաշան։
Նրա խոսքով՝ մասնաճյուղը կոչված է փոխելու երկու երկրների առկա հաշվարկների սխեման, որոնք այժմ իրականացվում են միջնորդավորված: ՎՏԲ-ն մտադիր է կենտրոնանալ ազգային արժույթներով գործարքների վրա։
«Բնականաբար մենք բավականին բարդ՝ բազմակողմանի գործընթաց ենք անցնում», - նշել է Բաշան։
Հիշեցնենք` դեռևս հունվարին բանկի մամուլի ծառայությունը նշել էր, որ մասնաճյուղի բացումը հնարավոր կլինի իրանական ֆինանսական կարգավորողի հետ համաձայնեցնելուց հետո, ինչը սպասվում էր մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ ՎՏԲ-ն ընդգծել էր, որ ստացել է Ռուսաստանի բանկի սկզբունքային համաձայնությունը։
Ավելի վաղ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը ՊՄՏՀ-2025-ի շրջանակներում նշել էր, որ բանկը նախկինի պես նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Իրանում, թեև դա առաջնային խնդիր չէ։