ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը կանխելու համար, վերականգնել հումանիտար օգնության անարգել մուտքը տարածաշրջան, որտեղ սովը հասել է աննախադեպ ծավալների։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ-ում կհամաձայնեցվի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն առաջիկայում նախատեսում են ևս մեկ փորձ կատարել՝ համաձայնեցնելու Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։ Մոսկվան ակնկալում է, որ այս անգամ նման փաստաթուղթ կընդունվի», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և նրա տեղակալը`ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը հանդես են եկել խիստ քննադատական հայտարարություններով։
Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի վերջին սովը կտարածվի Խան Յունիս և Դեյր էլ-Բալահ նահանգներում։
Պաղեստինյան անկլավում արագ վատթարացող իրավիճակը կարող է սպառնալիք դառնալ 5 տարեկանից փոքր 132 հազար երեխաների համար, որոնցից 41 000-ը ծայրահեղ թերսնված վիճակում են (ընթացիկ տարվա մայիսից ի վեր այս թիվը կրկնապատկվել է)։
«Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արտահայտված մտահոգիչ գնահատականները չեն կարող չցնցել»,– նշում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
Իսրայելի իշխանությունները հուլիսի 26-ից թույլատրել են, որ օտարերկրյա պետությունները կրկին մարդասիրական օգնություն նետեն օդից։
Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը վատթարացավ, երբ Իսրայելը հրաժարվեց համագործակցել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, որը տասնամյակներ շարունակ մարդասիրական օգնության պատասխանատուն է եղել։ Գործակալության մի քանի հարյուր բաշխման կետերը փոխարինվեցին 4-ով, որոնք բացեց ամերիկյան GHF մասնավոր հիմնադրամը («Գազայի մարդասիրական հիմնադրամ»): Այդ կետերը Իսրայելի իշխանությունների աջակցությամբ գործում են այն շրջաններում, որոնք «մաքրվել» են ՀԱՄԱՍ-ից։
Բաշխումները պարբերաբար ուղեկցվում են պաղեստինցիների ուղղությամբ կրակոցներով։ Ըստ իսրայելցի զինվորականների` պաղեստինցիներն իբր շեղվում են իրենց հատկացված երթուղիներից և հայտնվում բանակի դիրքերի մոտ, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ զենք է կիրառվում։ Իսրայելը ՄԱԿ-ի գործակալությանը մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապերի մեջ և պնդում, որ առաջին անգամ «Գազայի մարդասիրական հիմնադրամն» է թույլատրել օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը։