ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, միասնության հանրահավաք կանցկացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։ Սակայն ճշմարտությունը մեկն է` Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն»,- նշված է հայտարարության մեջ։
Հանրահավաքի մասնակիցները համախմբվելու են 3 հիմնական նպատակ-ուղերձի շուրջ․
• Արցախյան հակամարտությունը լուծված չէ,
• մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,
• պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ։
Սաղաթելյանն ընդգծում է՝ աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:
Հանրահավաքը կմեկնարկի 18։30-ին Երևանի Ազատության հրապարակում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանն ու Ալիևը նաև որոշել են ջանքեր գործադրել Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։