ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափն ավելի արդյունավետ մեխանիզմ է Հարավային Կովկասի խնդիրները լուծելու համար, քան Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայություն
Փեզեշքիանը նշել է՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելիս լիովին հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։