ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Եվրոպական, ամերիկյան քաղաքական–հասարակական շրջանակները Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության հարցի շուրջ լռության պատ են ստեղծել, որը պետք է ճեղքել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այդ պատը պետք է ճեղքել համառությամբ, խելացի աշխատանքով, անձնական կապերը գործի դնելով, պայքարել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, մինչև վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի»,– ասաց Աշոտյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական հետապնդումները Հայաստանում չեն շրջանցել և չեն շրջանցելու ոչ մեկին։
Աշոտյանը հավելեց, որ Հանրապետական կուսակցությանը հաջողվել է համաշխարհային խոշորագույն քաղաքական «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունում» անցկացնել համապատասխան քաղաքական բանաձև այն մասին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Նա կոչ արեց մյուս բոլոր քաղաքական ուժերին, որոնք կապեր ունեն արտասահմանում, քաղաքական բանտարկյալների առկայության հարցը մշտապես բարձր պահել եվրոպական և միջազգային տարբեր ատյաններում։
Հիշեցնենք` իշխանությունը պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, մինչդեռ գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Հունիսի 18-ից նա կալանքի տակ է։