ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են ռուս-իրանական հարաբերությունները և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ–ի և Իրանի նախագահները։
Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Արաղչին Լավրովին մանրամասն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ Իրանի միջուկային ծրագրի քննարկումների արդյունքները։
Նշվում է, որ ռուսաստանյան կողմը հաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել ներդրում ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերում։
Մտքերի փոխանակում է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ արդիական տարածաշրջանային հարցերի շուրջ։