ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան Հայաստանում ելույթ չի ունենա։ Այդ մասին այսօր հայտարարություն են տարածել «Կոկա կոլա ֆեստի» կազմակերպիչները ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու։ Շուտով կհայտնենք նոր արտիստների անունները»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, կազմակերպիչները հայտնում են, որ ցանկության դեպքում արդեն գնված տոմսերը ենթակա են վերադարձի։
Հիշեցնենք, որ իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան հրավիրվել է հանդես գալու օգոստոսի 30-ին Հայաստանում նախատեսված «Կոկա կոլա ֆեստին»։ Այս լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ են կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։ Շատերը նշում էին՝ ոչ միայն կբոյկոտեն փառատոնը, այլև առհասարակ արտադրանքը, եթե ելույթը չչեղարկվի։ Նրանց վրդովեցրել է այն, որ իր «Մեսիա» երգի (ու ոչ միայն) տեսահոլովակում երգչուհին բացահայտ ծաղրում է քրիստոնեական խորհրդանիշները։
Մասնավորաբար, տեսարաններից մեկում նա պառկած է խաչի տեսքով անկողնու վրա և կրքոտ, բաց տեսարաններով պարում է։ Մեկ այլ տեսարանում կանգնած է խնկաման հիշեցնող հարթակի վրա, որից խաչ է կախված։ Տեսահոլովակի վերջում բեմադրված է «Խորհրդավոր ընթրիքը», որտեղ Սևդալիզան Մարիամ Մագդաղենացու կերպարով է և նստում է իբրև թե Հիսուս Քրիստոսի ոտքերին։
Օգտատերերի գրառումներին արձագանքել էին փառատոնի կազմակերպիչները՝ նշելով, որ աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Հավելենք, որ ըստ համացանցում հրապարակված տեղեկատվության՝ 38-ամյա Սևդալիզան ունի իրանական, ադրբեջանական և ռուսական արմատներ, ծնվել է Թեհրանում, սակայն 5 տարեկանից ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում։