ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ճակատագիրը կարող է հստակեցվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իրեն այդ պատերազմում բացարձակապես ոչինչ չի ուրախացնում։
«Տեսնենք՝ ինչ կլինի։ Կարծում եմ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք, թե ինչ կստացվի: Եվ լավ կլինի, որ ես ուրախ լինեմ»,-ասել է Թրամփը լրագրողներին։
ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ այս ընթացքում մտադիր է տեղեկանալ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների և մտադրությունների մասին:
Թրամփը նաև հիշատակել է ավելի վաղ իր առաջ քաշած գաղափարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին՝ նշելով, որ կցանկանար ներկա լինել դրան, թեև շատերը կարծում են, որ նման բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուկրաինական իրավիճակի խաղաղ կարգավորման երկու ճանապարհ կա, և երկու շաբաթ անց ինքը դրանց վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ընդունեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական երկրների ղեկավարներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարներին: Հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ չարժե համեմատել անվտանգության երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը, Հյուսիսատլանտյան դաշինքում առկա երաշխիքների հետ: Թրամփը նաև հայտնեց, որ ԱՄՆ բարձրագույն պաշտոնում իր գտնվելու ընթացքում Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորք չի լինի: