ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի քննչական մարմինները կարծում են, որ Իտալիայում ձերբակալված քաղաքացին ղեկավարել է դիվերսիոն խումբը, որը ներգրավված է եղել 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին, որի տրամադրության տակ է հայտնվել ձերբակալման օրդերը։
49-ամյա ուկրաինացուն, որը փաստաթղթերում հանդես է գալիս որպես Սերգեյ Կ., իտալացի կարաբիներները ձերբակալել են օգոստոսի 21-ին Ռիմինի նահանգում՝ գերմանական դատախազության պահանջով: Նրան ձերբակալել են, երբ ընտանիքի հետ հանգստանալու նպատակով ժամանել է Իտալիա և գրանցվել է տեղի հյուրանոցում։
Օրդերի համաձայն՝ գերմանացի քննիչները Սերգեյ Կ․-ին համարում են գործողության առանցքային համակարգող։
«Նշվում է, որ Կ․-ն ոչ միայն եղել է «Անդրոմեդա» զբոսանավի անձնակազմում, որը ենթադրաբար օգտագործվել է դիվերսիայի համար, այլև ղեկավարել է ամբողջ դիվերսիոն խումբը»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք` «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննությունները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսական կողմը բազմաթիվ անգամ դիմել է նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության, այդ հարցումները մնացել են անպատասխան:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի դատախազությունը գազատարների պայթեցման գործով Ուկրաինայի քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել: Հետաքննությունը շարունակվում է, սպասվում է, որ Իտալիան կքննարկի ձերբակալվածին Գերմանիային արտահանձնելու հարցը: