ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ներկայիս իրավիճակն ավելի քան երբևէ մոտ է խաղաղության հասնելու պահին:
«Մենք, ինչպես երբեք, մոտ ենք նրան, որ դադարեցնենք այդ հակամարտությունը և պայմանավորվենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ։ Ինչ վերաբերում է Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին, ես դա շատ դրական եմ ընկալում»,- ասել է Լուկաշենկոն Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ներկայումս որոշակի քայլեր են ձեռնարկվում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Կուզեինք, որ ավելի արագ լինի, բայց արագ չի լինում. գրեթե 4 տարի է՝ ընթանում է պատերազմը․․․ Այստեղ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք և գոնե դադարենք միմյանց վրա կրակել։ Դադարեցնենք օդային հարվածները: Այ երբ ռազմաճակատի շփման գծում կանգ կառնեն զինվորականները, կդադարեն միմյանց վրա կրակել, մարդիկ չեն զոհվի, ինչպես հիմա է տեղի ունենում, այդ ժամանակ կարելի է խոսել և՛ խաղաղության, և՛ հետպատերազմյան կառուցվածքի, և՛ հազվագյուտ մետաղների մասին, ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Դրա համար ժամանակ կլինի»,-նշել է նա։
Նա կարծում է, որ ավելի լավ է խաղաղություն կնքել, եթե ստացվի։ «Բայց Ռուսաստանը Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր մինչև հիմա չունի։ Ինչ-որ կերպ ապրում են, համագործակցում»,-հավելել է Լուկաշենկոն։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։