Մինչև հիմա ցույց չեն տվել՝ որտեղ է իշխանությունը տապալելու կոչը․ Միքայել սրբազանի փաստաբան

Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից իշխանությունը տապալելու կոչը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք խնդրել ենք մեզ ցույց տալ, թե որտեղ է իշխանությունը տապալելու կոչը, քանի որ ամբողջ գործը դրա վրա է կառուցվում։ Նախաքննության, կալանավորման, դատավարության փուլում մինչև հիմա չեն ասել, թե երբ և ինչպես է եղել այդ կոչը։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, բացի դրանից»,- ասաց Սարգսյանը։
Բացի այդ, ըստ նրա, վարույթ նախաձեռնելիս կան բազմաթիվ խախտումներ, մասնավորապես, խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերմանը։ Իսկ օրենսդրությունն արձանագրում է, որ եթե վարույթը նախաձեռնվել է ոչ իրավաչափ, ապա հետագա բոլոր գործողությունները դառնում են ոչ իրավաչափ։
Մյուս փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ երկու լեզվաբան-փորձագետներն էլ եզրակացություն են տվել այն մասին, որ Աջապահյանի խոսքերում չի եղել կոչ, նրա խոսքերը ձևակերպված են պատմողական ոճով։
«Մենք ակնկալում ենք հանրային մեղադրողներից, որ ասեն, թե որ արտահայտությունն է պարունակում կոչ, որովհետև «կոչ» ասվածը, Սահմանադրական դատարանի կարգավորումների լույսի ներքո, պետք է լինի հրավեր, որ մարդիկ ընկալեն, գան և ինչ-որ գործողություններ կատարեն իշխանության փոփոխության։ Դա պետք է լինի ռազմական կամ ինչ-որ հակաիրավական գործողությունների շրջանակում, նման բան գոյություն չունի»,- ասաց Ֆարմանյանը։
Միքայել սրբազանի գործով հաջորդ դատական նիստը օգոստոսի 25-ին՝ 14։30–ին է։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը