Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը

Ռուս զինվորականների ներկայությունը Գյումրիում պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը, հայտարարել է Տիտովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Գյումրիում հանդիսավոր միջոցառումներ են կայացել՝ նվիրված Պատվո բլրի՝ 19-րդ դարում Կովկասյան պատերազմների ժամանակ զոհված ռուս զինվորների հուշարձանի վերականգնման 15-ամյակին:
Արարողությանը մասնակցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը, Լենինականի սահմանապահ ջոկատի պետ Եգոր Ակինշինը և փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և ողջույնի խոսքով դիմել են քաղաքի բնակիչներին և զինծառայողներին:
Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր ելույթում նշել է, որ Պատվո Բլուրը, 102-րդ ռազմակայանը, տեղի սահմանապահները և բուն Գյումրի քաղաքը ընդհանուր փառավոր պատմության մի մասն են, Հայաստանում ռուսական հոգևոր ժառանգության աղբյուրը, ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունը, ինչպես նաև հիշեցում՝ ավագ սերունդների հերոսության մասին։
«Գտնվելով այստեղ՝ Պատվո բլրի վրա, մենք հստակ հասկանում ենք, որ Գյումրիում ռուս զինվորականների ներկայությունը պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը»,-ընդգծել է նա:
Տիտովի խոսքով՝ քրիստոնեական հավատքի ընդհանրությունը կարևոր դեր է խաղացել երկու ժողովուրդների կամքի և ուժերի պատմական միավորման գործում և Ռուսաստանի ու Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունների հիմքն է դարձել։ Նա հիշեցրել է, որ 19-րդ դարից սկսած հայ ժողովուրդն օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն իր հերթին օգնել է հայերին պաշտպանվել և հաստատել իրենց պետականությունը:
«Այդ համագործակցությունն արձանագրված է ռուս և հայ ժողովուրդների գենետիկ հիշողության մեջ և հատկապես շոշափելի է այստեղ՝ Գյումրիում»,-նշել է նա:
Իգոր Տիտով
Դիվանագետն ընդգծել է, որ երկու ժողովուրդների եղբայրությունը ծնվել և ամրապնդվել է հենց Գյումրիում, որը 19-րդ դարում բերդաքաղաք էր: Պատվո բլրի վրա այդ ժամանակ ստեղծվել է ռուս զինվորների գերեզմանատուն, որը խորհրդային շրջանում ոչնչացվել է։ Սակայն 2000-ականներին գտնվեցին էնտուզիաստներ, որոնք հիշեցրին հուշահամալիրի վերականգնման անհրաժեշտության մասին։
Այսօր Պատվո բլուրը կրկին հիշատակի վայր է։ Դրա վերականգնումը հնարավոր է դարձել հասարակական գործիչների նախաձեռնության, քաղաքի ղեկավարության, 102-րդ ռազմաբազայի, Լենինականի սահմանապահ ջոկատի, Հայաստանում «Գազպրոմի» և «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Հուշահամալիրի տարածքում տեղադրվել է ռուս հերոսների հուշարձանը, որը պատրաստվել է 1910 թվականին Կարսում կանգնեցված և 1918-ին պայթեցված հուշարձանի օրինակով: