ՀՀ ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի միջկառավարական նիստը, որի ընթացքում համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փոխվարչապետների առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:
Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:
ՀՀ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նիստը
© Photo : official site of the Government of RA
«ՀՀ և ՌԴ փոխվարչապետները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։
Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։