ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Նման տեսակետ է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագից հետո անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստան և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրին։ Նա համաձայնագիրը յուրահատուկ երևույթ է որակել։
«Հայաստանի հետ կապված նշված համաձայնագրի՝ կարճաժամկետ, թե երկարաժամկետ, դրական, թե բացասական հետևանքների գնահատումը կթողնենք քաղաքական վերլուծաբաններին։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը պետք է հասկանա, որ միակողմանի զիջումներով, պայմանական սկզբունքներով և հատկապես երկդիմի կետերով լի խաղաղության ցանկացած համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնալ Հայաստանի համար։ Ուստի, այդ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցմամբ ներկայացվի ժողովրդին։ Համաձայնագրի վերաբերյալ ժողովրդի կարծիքը պարտադիր պետք է հաշվի առնվի, քանի որ այն ուղղակիորեն ազդելու է բոլորի ապագայի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով` Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից: Կաթողիկոսը խոսել է նաև նաև գերիների խնդրից և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունից` ընդգծելով, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու արցախցիների անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։