Թրամփը բացել է «խաղաքարտերը» ԵՄ առաջնորդների դիմաց. ԱՄՆ նախագահի հայտարարությունները

Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ Ուկրաինայում կարելի է հրադադար չունենալ և միևնույն ժամանակ հասնել խաղաղության։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների հնարավոր փոխանակումը, հաղորդում են համաշխարհային լրատվական գործակալությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ համատեղ հանդիպման ժամանակ
CNN-ը հաղորդում է, որ Թրամփը հայտարարել է` տարածքային զիջումների հարցը հաշվի կառնի (մարտական) շփման ներկայիս գիծը Ուկրաինայում։
Թրամփը հայտարարել է` ակնկալում է, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկու հետ հանդիպումից հետո պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։
«Այսօր մենք համաձայնության կգանք գրեթե բոլոր կետերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության հարցերի։ Կարծում եմ, որ մեր բանակցություններից հետո կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել», – ասել է նա։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Պուտինը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։ Ալյասկայի գագաթնաժողովը ամրապնդել է նրա հավատը Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։
Թրամփը հայտարարել է նաև, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ «հետագա ագրեսիայի» սպառնալիքին: Նա վստահ է, որ Պուտինի հետ զրույցը, որին նա մտադիր է զանգահարել ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո, գերազանց կլինի։
1 / 5

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ համատեղ հանդիպման ժամանակ

2 / 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ համատեղ հանդիպման ժամանակ

3 / 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ

4 / 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ համատեղ հանդիպման ժամանակ

5 / 5

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի առաջնորդների հետ համատեղ հանդիպման ժամանակ

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կրկին կոչ է արել հրադադար պահանջել, թեև Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական հակամարտության նպատակը ժամանակավոր հրադադարը չէ, այլ երկարաժամկետ խաղաղությունը։
«Այս սեղանի շուրջ հավաքվածները խաղաղության կողմնակից են: Մենք այս տարիների ընթացքում քրտնաջան աշխատում ենք ամուր խաղաղության հասնելու համար», – ասել է նա Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնն առաջարկել է ուկրաինական հակամարտության ավարտը քննարկել Եվրոպայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կաշխատի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համահունչ անվտանգության երաշխիքների վրա (ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա – խմբ.):
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թրամփի և Զելենսկու միջև ԵՄ առաջնորդների մասնակցությամբ բաց հանդիպումը ԶԼՄ–ների համար տևել է մոտ 28 րոպե, սկսվել է փակ հանդիպումը։
ԵՄ առաջնորդների հետ համատեղ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահն առանձին հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկու հետ։