ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմական խորհրդի անդամների և հավատացյալների անունից շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան արագ ազատվել անարդար դատաստանից, հայտնում է կրոնական կազմակերպության կայքը։
«Ջերմ աղոթք եմ հղում ամենակարող Աստծուն ձեր առողջության, անվտանգության և անարդար, չարամիտ դատապարտումից արագ ազատվելու համար։ Այս աղոթքը բխում է բոլոր իրական հայերի հոգիներից, որոնք երախտապարտ են ձեզ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և մեր մայր Հայաստանի բարգավաճման գործում ձեր նշանակալի ներդրումի համար։ Այսօր այդ աղոթքն ամբողջ աշխարհում հնչեցնում են հազարավոր անկաշառ մարդիկ, որոնք դավանում են արդարություն և ծառայություն Աստծո տված ճշմարտությանը։ Մենք անսասան ենք Տիրոջ, հայրենիքի, եկեղեցու, ժողովրդի հանդեպ մեր սիրո մեջ և վճռականորեն դատապարտում ենք ակնհայտ անձնական դրդապատճառներով բարեպաշտ մարդկանց հալածանքները», – ասվում է շնորհավորական ուղերձում։
Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել ՀՀ իշխանություններին ուշքի գալ և անհապաղ դադարեցնել իրենց հակասահմանադրական գործունեությունը, որը հիմնված է վրեժխնդրության վրա: Նա բացահայտ կամայականություն է որակել անձի քրեական հետապնդումը ազգային սրբությունների և եկեղեցու հանդեպ իր նվիրվածության համար:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։