Մեր ոգին չի կարող կոտրվել. Սամվել Կարապետյանի որդիները շնորհավորական ուղերձ են հղել

Սամվել Կարապետյանը` որդիների` Կարեն և Սարգիս Կարապետյանների և եղբորորդու` Նարեկ կարապետյանի հետ. Արխիվային լուսանկար
Սամվել Կարապետյանի որդիները շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու է մարդկանց համար, այլ ոչ թե ցուցադրականության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մեզ չեն կարող վախեցնել, մեր սկզբունքներով էլ մենք առևտուր չենք անում։ Այս խոսքերով են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի երկու որդիները` Սարգիս և Կարեն Կարապետյանները շնորհավորել իրենց հոր 60–ամյակը։
«Դու այս հոբելյանական տարին մտնում ես դժվար ժամանակաշրջանում, բայց այսպես է փորձարկվում այն, ինչ դու մեզ սովորեցրել ես. դիմանալ հարվածներին, ուժեղ լինել և մնալ սառնասիրտ: Բռնաճնշումները, պիտակները և պատերը ժամանակավոր են։ Անունը, գործերը և մարդկանց վստահությունը, ում օգնել ես՝ հավերժ: Մեր ոգին չի կարող կոտրվել։ Եվ մեր կողքին գտնվող մարդիկ արդեն ապացուցել են դա. նրանք 13 ժամ ոտքի վրա կանգնեցին՝ սպասելով դատարանի որոշմանը, և ցույց տվեցին, որ մեզ չեն կարող շեղել մեր ճանապարհից»,–նշված է շնորհավորական ուղերձում։
Որդիներն ընդգծել են, որ ընտանիքը Կարապետյանի կողքին է, թիմը աշխատում է, նախագծերը առաջ են գնում:
Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց հորը` օրինակ ծառայելու համար, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ընկերը և առաջնորդը, որը պատասխանատու է մարդկանց համար, այլ ոչ թե ցուցադրականության։
«Հանգստության, արժանապատվության և պատասխանատվության դասերի համար, երբ շուրջը շնագայլերն աղմկում են։ Թող հաջորդ տասը տարիները լինեն ստեղծարարության մասին։ Իսկ այսօր՝ երախտագիտության։ Հպարտ ենք քեզնով և սպասում ենք քեզ տանը»,–նշված է սոցցանցում հրապարակված լուսանկարի կից ուղերձում։
Այսօր` ավելի վաղ, Երևանի կրկեսի վերանորոգված հարթակում՝ «Tashir Arena»–ում, «Երեխաները երեխաների համար» խորագրով բարեգործական համերգ անցկացվեց` նվիրված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 60-ամյակին։
Սամվել Կարապետյանի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։