ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Դատարանը որոշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։
Դատարանը նրան նաև մեկուկես տարով զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրասնպորտային միջոց վարելու հնարավորությունից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։
Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ՔԿՀ–ում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։