ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) Դեբեդ գետի աղտոտման դեպքով հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ գերատեսչության` օգոստոսի 16-ին` առավոտյան 07։30-ի սահմաններում, տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետն աղտոտվել է։
«ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչի հետևանքով գետն աղտոտվել է»,–ասված է հաղորդագրությունում։
Գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: