Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում կրկին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը

Լոռու «Սուրբ Հովհաննես» մատուռը
Մատուռի մոտակայքում 2024 թ., միայն պաշտոնական տվյալներով, վնասվածքներ է ստացել 65 մարդ։ 2024 թվականի դեկտեմբերին Լոռու մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իշխանությունները քննարկում են Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին աստիճանահարթակ կառուցելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում կրկին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին։
Ծառայությանը հայտնել են, որ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են մոտ 200 մ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հիշեցնենք, մատուռի մոտակայքում 2024 թվականին, միայն պաշտոնական տվյալներով, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 65 մարդ։ 2024 թվականի դեկտեմբերին Լոռու մարզպետարանից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են դեպի Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին աստիճանահարթակ կառուցելու հարցը։
Ավելի ուշ` 2025–ի ապրիլին, Sputnik Արմենիային Սպիտակ համայնքի ղեկավարը հայտնեց, որ դեպի Սուրբ Հովհաննես մատուռ աստիճանների կառուցման համար անհրաժեշտություն է առաջացել չափագրման և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, փաստաթղթերի ձեռք բերման աշխատանքներ իրականացնել։ Դրանցիցհետո նոր միայն հնարավոր կլինի կատարել շինարարական աշխատանքներ: