Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը

Վարդան Բոստանջյանը. Արխիվային լուսանկար
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Բոստանջյանը 76 տարեկան էր։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց։
Վարդան Բոստանջյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 9-ին Երևանում։ 1971թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977թ.` ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
1999-2003թթ.եղել է ԱԺ 4–րդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ 2007-2012թթ. Եղել է ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ), «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման (1980թ.): Պարգևատրվել է Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության ԽՎ արծաթե մեդալով (2013թ.), «Ինժեներական փառք» շքանշանով (2014թ., ՌԴ), ՀՀ ԱԺ պատվոգրով (2016թ.):
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ է, Միջազգային և ՀՀ ճարտարագիտական ակադեմիաների անդամ: 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած էր, ունի երեք զավակ։