ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևը ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։
«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել», - այսպես է բնութագրել Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:
ԱՄՆ նախագահը նշել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Թրամփը հայտնել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։
«Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է, որ դա կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։